Աղբիւր՝ www.yerkir.am

ԱՀԱԲԵԿՉՈՒԹԻՒՆ ՆԻՑԱՅՈՒՄ` ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Ֆրանսիայի Նիցա քաղաքում խոշոր բեռնատարը վրաերթի է ենթարկել բազմութեանը, որը տօնում էր Բաստիլի գրաւման օրը, որից յետոյ բեռնատարում գտնւող մարդիկ սկսել են կրակել մարդկանց վրայ: Սպանւել է մօտ 50 մարդ, կան տասնեակ վիրաւորներ:

Փոխհրաձգութիւն է սկսւել դէպքի վայր ժամանած ոստիկանութեան եւ բեռնատարում գտնւող մարդկանց միջեւ: Հաղորդւում է, որ միջադէպից յետոյ խուճապ է սկսւել տօնակատարութեան եկած մարդկանց մօտ: Քաղաքի ղեկավարութիւնը միջադէպն ահաբեկչութիւն է անւանել` յորդորելով մարդկանց փողոց դուրս չգալ:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

ՆԻՍՈՒՄ ՀԱՅՈՒՀԻ Է ԶՈՀՒԵԼ

Նիսում ահաբեկչութեան հետեւանքով զոհւած հայուհին փրկել է օրօրոցում պառկած երեխային` իր մարմնով ծածկելով նրան: Այս մասին յայտնում է Հանրային ռադիոն` յղում անելով ականատեսների վկայութեանը:

Յիշեցնենք, որ Նիսում ահաբեկչութեան հետեւանքով աւելի քան 80 մարդ է մահացել. ՀՀ ԱԳՆ տուեալներով զոհերի թւում ՀՀ 1 քաղաքացի կայ:

 

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՇԷՆՔԻ ՄՕՏ ԾԱՂԻԿՆԵՐ ԵՆ ԽՈՆԱՐՀՒՈՒՄ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան շէնքի մօտ այսօր վաղ առաւօտից երեւանցիները եւ տարբեր հասարակական կազմակերպութիւններ ծաղիկ եւ ծաղկեպսակներ են խոնարհել Նիսում տեղի ունեցած ահաբեկչութեան զոհերի յիշատակին:

Հայաստանցիներն իրենց ցաւակցութիւնն են յայտնել Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչութեան զոհերի հարազատներին, նաեւ Հայաստանի բարեկամ երկիր Ֆրանսիայի իշխանութիւններին:

Իսկ մինչ այդ, ՀՀ ԱԳ նախարարութիւնը յստակեցնում է, որ Նիսում ահաբեկչութեան հետեւանքով զոհւել է Հայաստանի 1 քաղաքացի: Աւելի վաղ տեղեկացրել էին 2 զոհի մասին, սակայն մէկի մասով տեղեկատւութիւնը հերքւել է:

Մարսելում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութիւնը կապի մէջ է զոհւածի հարազատների հետ` անհրաժեշտ օժանդակութիւն ցուցաբերելու համար: